Նոնա Գաբրիելյանը բազմաժանր արվեստագետ է, որի ստեղծագործական դաշտը ներառում է կերամիկա, փոքրածավալ բրոնզե պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա և գրականություն – արձակ ու պոեզիա։ Նրա արվեստը կամուրջ է ավանդույթի և փորձարկման միջև, ձևի ու հույզերի երկխոսություն` մարմնավորված պլաստիկայի, գծի, գույնի և կերպարի միջոցով: Նրա ճակատագիրը, ինչպես իր ստեղծագործությունները, բաղկացած է երեք կարևոր շրջանից, որոնք ազդել են նրա գեղարվեստական լեզվի ձևավորման վրա` Թբիլիսիի բազմաշերտ մշակութային միջավայրը, Երևանի մոնումենտալ արվեստի ավանդույթը և միջազգային ճանաչումը Եվրոպայում:
Նոնա Գաբրիելյանը նկարչուհի է, որի արվեստը չի հետևում խիստ կանոնների կամ ոճերի: Նա ստեղծում է աշխատանքներ, որոնցում պատմությունն ու արդիականությունը, ավանդույթն ու նորարարությունը, Արևելքն ու Արևմուտքը միավորվում են մեկ գեղար վես տական ռիթմի մեջ: Նա մնում է վարպետ, որը չի վախենում նոր բաներ փնտրել, հասկանալ ժամանակի հոսունությունը և իր ընկալումը փոխանցել ձևերի, գույների և գծերի միջոցով: Նրա արվեստը սահմաններից այն կողմ մի տարածք է, որտեղ հանդիպում են մշակույթն ու հույզը, հիշողությունն ու ապագան, կյանքի զարկերակն ու հավերժության լռությունը:
Արվեստագետը վկա է, ով վկայություն է տալիս հենց Ժամանակին: Յուրաքանչյուրը` ըստ իր տաղանդի: Արվեստը լարեր են, որոնցով էլեկտրաէներգիայի փոխարեն հոսում է զգացմունք` հավասարակշռվելով ազատության երազանքի և հայտնաբերվելու ցանկության վրա: Եվ ինչ երջանկություն է արվեստագետի համար, եթե այն հայտնաբերվում է ոչ թե պատահմամբ, այլ նրան հասկացող և դրա կարիքն ունեցող անհատի կողմից: Եվ մեծ ողբերգություն է, երբ նրա ստեղծագործությունը մնում է չպահանջված: Եվ եթե հաշվի առնենք, որ ինքը` կյանքը, դանդաղ առաջընթաց է դեպի վերջը, ապա Արվեստն էլ Առագաստն է:
Մարդկությունն անցել է հսկայական ճանապարհ` քարե գործիքներից մինչև երկնային տարածքներ: Գիտության և տեխնիկայի զարգացումը, որոնք փոխկապակցված են և փոխհարստացնող, ստեղծել են ամուր հիմք մարդկային համայնքի, կյանքի և զարգացման համար, որը շրջապատված է սահմաններով, սոցիալական պարտականություններով և պարտավորություններով: Սակայն նյութական աշխարհի ստեղծմանը նախորդել է ստեղծագործական մղումը, որը արթնացրել է երևակայությունը: Ստեղծագործությունը առաջնային էր և հավերժական:
Երևակայությունը առաջնթացի առաջին շարժիչն է, և այն՝ երևակայությունը, հավերժական է։ Գիտությունից տարբերվելով, որը պահանջում է համակարգրում և գիտելիքների կուտակում, ստեղծագործությունը շարժվում է մարդու ներքին անհրաժեշտությամբ՝ կիսվելու իր հուզական վիճակով, թողնելու հիշողություն իր և Ժամանակի մասին։ Եվ հենց դրա շնորհիվ մենք այժմ ունենք անգնահատելի պատմական արժեքներ, և ամբողջ աշխարհում սփռված անթիվ արտեֆակտներ հիշեցնում են մեզ՝ ցանկացած մեծ ստեղծագործության հիմքում ընկած է ստեղծագործական հնչեղ մղումը։
Հասարակության ձևավորումը անհնար է առանց հումանիտար մտածողության զարգացման։ Մարդը, որպես արվեստագետ, ով գիտակցում է իր կախվածությունը իրեն շրջապատող միջավայրից, ինքնարտահայտման ուղիներ է փնտրում՝ հիմնակայում հոգևոր արժեքներ ստեղծելու միջոցով, որոնք արթնացնելով ուրիշների երևակայությունը՝ ստեղծում են նոր իրականություն։ Դրա գործիքներն են բառը, ձայնը, գույնը, ձևը և նույնիսկ ինքը՝ տարածությունը։ Այս ամենը ծնվում է դատարկությունից, Ոչնչից, Ոչ մի տեղից՝ որպես մաքուր երևակայության պտուղներ։ Այսպես է առաջանում հոգևոր աշխարհը՝ զուգահեռ նյութականին, որը դառնում է ստեղծագործական գործընթացի խթան։
...«Սկզբում էր Բանը...» Բանը աշխարհի ստեղծման առաջին քայլն է։ Բանով ծնվում են գաղափարներ, որոնք լցնում են աշխարհը իմաստով։ Այսպես է մարդկությունը անցնում իր ճանապարհը՝ առաջին նշաններից և խորհրդանիշներից մինչև ամենաբարդ մշակութային համակարգերը, միավորված մեկ մղումով՝ ստեղծագործելու ցանկությամբ։
Իմ մտորումները ստեղծագործության մասին՝ փորձ են հասկանալու դրա խորքային բնույթը, տեղն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդկային կյանքում։ Ստեղծագործությունը պարգև է, հնարավորություն՝ թողնելու հետք կամ պարզապես հիշողություն։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու՝ օգտվել դրանից, թե ոչ։